Բժիշկ Ֆաուչի. «Գիտական տվյալները ամբողջությամբ հաստատում են «Չհայտնաբերվող=Չփոխանցվող» թեզը»

11
Sep

Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած ՁԻԱՀ-ի ամենամյա համաժողովի շրջանակներում (USCA-2017) ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID/NIH) տնօրեն Էնթոնի Ֆաուչին (Anthony Fauci) հայտարարեց, որ գիտությունն ունի բավարար հիմքեր, որպեսզի հաստատի, որ չհայտնաբերվող=չփոխանցվող թեզը բացարձակ հավաստի է: Եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդու մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող մակարդակի է, ապա սա ապահովում է բացարձակ անվտանգություն չվարակված զուգընկերոջ համար, նույնիսկ անպաշտպան սեռական հարաբերության դեպքում:

Այդ մասին այսօր առավոտյան հայտնել է նյույորքյան հայտնի ՄԻԱՎ-ակտիվիստ, Prevention Access Campaign’s «Undetectable=Untransmittable» շարժման հիմնադիր Բրյուս Ռիչմանը: Նրա կարծիքով այդ իրողությունը  պատմական պահ է:

Հիշեցնենք. մոտ 2 ամիս առաջ Փարիզում կայացած ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միջազգային հանրույթի (IAS 2017) համաժողովում ավստրալացի գիտնականների խումբը ներկայացրեց Opposites Attract հետազոտության տվյալներ` հաստատված 350 հոմոսեքսուալ դիսկորդանտ զույգերի օրինակով, ըստ որի ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, եթե վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող մակարդակի է:

Ավելի վաղ, 2017թ.-ի մարտ ամսին AIDS United ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՄԻԱՎ-ով ապրող մարդու արյան մեջ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածությունը նշանակում է ռիսկի բացակայություն չվարակված զուգընկերոջ համար` անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ և արտազատուկների անմիջական կոնտակտի դեպքում:

Ի վերջո 2016թ.-ի դեկտեմբերի կեսին «չհայտնաբերվող=չփոխանցվող» բանաձևը հնչեցրել է բժիշկ Ռիչ Վոլիցկին (ՄԻԱՎ-ով ապրող մարդ, ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և վարակիչ հիվանդությունների գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար):

Իր ելույթի շրջանակներում նա ներկայացրեց դիսկորդանտ զույգերի շրջանում իրականացված HPTN 052 և «PARTNER» հետազոտությունների տվյալները, որոնք ցույց են տվել ՄԻԱՎ բացասական և չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցող ՄԻԱՎ դրական մարդկանց մոտ վիրուսի փոխանցման զրոյական թվով դեպք` անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ: