Այսօր գիտությունն ավելի ու ավելի շատ ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով անհնարին է դառնում, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում այս մասին բացի մասնագետներից քչերը գիտեն: Առաջին ռուսալեզու «Н=Н» («Неопределяемый значит не передающий») քարոզարշավը (“Չ=Չ” “Չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող”) իր առջև նպատակ է դնում այս տեղեկատվությունը հասցնել որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց:
2017թ.-ի հոկտեմբերի 16-ից դեկտեմբերի 1-ը Life4me+-ի կողմից կազմակերպած արշավի մասնակիցներն իրենց էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կսկսեն պատմել այն մասին, որ այսօր հնարավորություն կա կասեցնել ՄԻԱՎ-ի տարածումը՝ բուժման համընդհանուր հասանելիության ապահովման, վաղ հայտնաբերման և դեղերի ընդունման պարտաճանաչության պահպանման ճանապարհով, ինչպես նաև այն մասին, որ այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խարանելը* ոչ մի հիմք չունի, բացի անհիմն վախերից և համաճարակի վերաբերյալ հնացած պատկերացումներից:
ՄԻԱՎ վարակը վաղուց “21-րդ դարի քաղցկեղ” չէ: ՄԻԱՎ վարակը քրոնիկ հիվանդություն է, ինչպես շատ այլ հիվանդություններ, որոնք կարելի է արդյունավետ բուժել, և որակյալ կյանքով ապրել: ՄԻԱՎ-ով կարելի է ընտանիք կազմել և առողջ երեխաներ ունենալ, մարաթոններ վազել և գլխապտույտ կարիերա անել, ծերանալ և թոշակի անցնել, այնպես, ինչպես առանց ՄԻԱՎ-ի:
Կարևոր է հիշել, որ “Չ=Չ” սկզբունքը չի նշանակում հրաժարվել պաշտպանիչ միջոցներից: Չպաշտպանված սեռական հարաբերությունները կարող են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վարակման բերել, և անցանկալի հղիության: Բացի այդ, բուժման սահմանափակ հասանելիության պայմաններում, կամ ելնելով այլ հանգամանքներից, երբեմն վիրուսային չհայտնաբերվող մակարդակի հասնելու համար խոչընդոտներ են լինում:
Այս արշավը, որն ավելի շատ ուղղված է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկներին, կարող է միանալ ցանկացած մարդ: Կազմակերպությունները կարող են ստորագրել Հայտարարությունը, ակտիվիստները՝ մասնակցել օնլայն-արշավին՝ նկարվելով արշավի լոգոյով և նկարը տեղադրելով սոցիալական կայքերում #НравноН #ՉհավասարՉ նշումով: Ինչքան շատ լինեն Չ=Չ ասող մասնակիցները, այնքան քիչ կլինեն վախերը և նախապաշարմունքները հասարակությունում:
* Խարան – ի սկզբանե նշանակել է խարանում, բացասական գնահատական, նախապաշարմունք մարդու դեմ, հիմնված նրա պատկանելիությանը որոշակի խմբի: Խարանը հաճախ դրսևորվում է խտրական վերաբերմունքով, որը ՄԻԱՎ վարակի կոնտեքստում բերում է համաճարակի տարածմանը:
Փաստեր այն մասին, որ հակառետրովիրուսային բուժումը նվազեցնում է վարակի փոխանցման հավանականությունը, հայտնվել են դեռևս 20 տարի առաջ: 1988թ.-ին ամերիկյան գիտնականները հետազոտել են ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց և եկել են այն եզրակացության, որ եռթերապիայի կիրառումը վիրուսի փոխանցման հավանականությունը գործնականորեն հավասարեցնում է զրոյի՝ համեմատած մինչ բուժում սկսելը եղած 30% ռիսկի հետ:
Հետազոտությունը, որի ընթացքում հստակ նկատվում էր կապը վիրուսային ծանրաբեռնվածության* և ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգի միջև, անցկացվել է Ուգանդայում 2000թ.-ին: Հետազոտությունը տևել է 30 ամիս, և մասնակցել է 415 հետերոսեքսուալ սերոդիսկորդանտ զույգ**: Հետազոտողները եզրահանգեցին, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը հանդիսանում է հետերոսեքսուալ ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական գործոն, և որ զուգընկերոջը վիրուսի փոխանցման դեպքերը հազվադեպ են այն զույգերի մոտ, որտեղ ՄԻԱՎ դրական զուգընկերոջ վիրուսային ծանրաբեռնվածությունը ցածր է 1500 պատճե/մլ:
Մի քանի տարի անց, 2008թ.-ին ՁԻԱՀ-ի հարցերով Շվեյցարական ազգային հանձնաժողովը հայտարարեց, որ բուժում ստացող ՄԻԱՎ դրական մարդը չի կարող վարակը փոխանցել սեռական հարաբերության ժամանակ: Փաստաթուղթը, որը հայտնի է “Շվեյցարական հայտարարություն” անվամբ, հավաքել է մեծ քանակությամբ ապացույցներ այն մասին, որ ՀՌՎ դեղերի օգտագործումը կանգնեցնում է ՄԻԱՎ վարակի փոխանցումը: Դրա հեղինակները՝ Պետրո Վերնացան (Petro Vernazza) և գործընկերները, վերլուծել են 25 հետազոտություն, և եզրահանգել են, որ ՄԻԱՎ դրական մարդը չի հանդիսանում վարակի փոխանցման աղբյուր, եթե պարտաճանաչ կերպով ստանում է ՀՌՎ բուժում և վիրուսային ծանրաբեռնվածությունը*** չհայտնաբերվող մակարդակի է վերջին 6 ամիսների ընթացքում: Շվեյցարական հայտարարությունից հետո այն քննադատվեց, սակայն հարցի հետագա ուսումնասիրությունը ապացուցեց դրա ճշտությունը:
2011թ.-ին հրապարակվեցին HPTN-052 հետազոտության արդյունքները, որի շրջանակներում հետազոտվել են ավելի քան 1700 սերոդիսկորդանտ, հիմնականում հետերոսեքսուալ, զույգ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Հարավ-Արևելյան Ասիայում: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հակառետրովիրուսային բուժումը կտրուկ նվազեցնում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը հետերոսեքսուալ դիսկորդանտ զույգերի մոտ: Հետազոտության ընթացքում վիրուսի փոխանցման միակ դեպքը գրանցվել է այն զույգի մոտ, որտեղ ՄԻԱՎ դրական զուգընկերը բուժումը նոր էր սկսել և վիրուսը դեռևս չհայտնաբերվող մակարդակի չէր եղել: Հետազոտության արդյունքներն այնքան հավաստի էին, որ այն ընդհատվեց նախատեսված ժամանակից շուտ, և վերահսկող խմբում ընդգրկված ՄԻԱՎ դրական մասնակիցներն անմիջապես սկսեցին բուժում ստանալ: Հետազոտության մասնակիցների հետագա չորսամյա դիտարկումը հաստատեց առաջնային եզրակացությունները:
2014թ.-ին եվրոպական 14 երկրում անցկացված ևս մեկ՝ PARTNER հետազոտությունը ցույց տվեց վիրուսի փոխանցման դեպքերի բացակայություն դիսկորդանտ զույգերում 44000 առանց պահպանակի սեռական հարաբերություններում (հետազոտությանը մասնակցել է 1145 զույգ): 2016թ.-ին հրատարակված հետազոտության հաշվետվությունը ցույց տվեց, ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի բացակայություն արդեն ավելի քան 58000 առանց պահպանակի սեռական հարաբերություններում: Ներկայումս հետազոտությունը շարունակվում է, վերջնական արդյունքները սպասվում են 2018թ.-ին, և հիմք կա ենթադրելու, որ դրանք ևս կհաստատեն Չ=Չ թեզիսը:
2017թ.-ի հուլիսին լրացուցիչ ապացույցներ ներկայացվեցին, որոնք ստացվել էին Opposite’s Attract հետազոտության ընթացքում, ի օգուտ այն բանի, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, եթե վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող մակարդակի է: Այս հետազոտությունը իրականացվել է Ավստրալիայում՝ Ավստրալիայի, Թայլանդի և Բրազիլիայի 358 սերոդիսկորդանտ գեյ-զույգերի շրջանում, և ցույց է տվել վիրուսի փոխանցման 0 դեպք՝ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության պայմաններում: 2016թ.-ին պատրաստվեց ընդհանուր Հայտարարություն, որը ստորագրեցին հարյուրավոր հեղինակավոր պորֆեսիոնալ կազմակերպություններ: Բոլորովին վերջերս, 2017թ.-ի սեպտեմբերին, Հայտարարությանը միացավ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), և դեռևս շարունակում են ստորագրել նոր փորձագետներ և կազմակերպություններ:
Հարկ է նշել, որ ստացված տվյալները չեն խոսում պահպանակներից հրաժարվելու մասին, և անցկացվող հետազոտությունների հեղինակները ընդգծում են պահպանակների օգտագործման կարևորությունը սեռական հարաբերությունների ժամանակ:
Այսպիսով, հետազոտությունները հաստատում են “բուժումը կանխարգելում է” մոտեցման արդյունավետությունը՝սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի համաճարակի փոխանցման կանխարգելման նպատակով:
* Վիրուսային ծանրաբեռնվածություն – արյան մեջ վիրուսի քանակությունը:
** Սերոդիսկորդանտ (դիսկորդանտ) զույգ – զույգ, որտեղ զուգընկերներից մեկը ՄԻԱՎ դրական է, իսկ մյուսը՝ ՄԻԱՎ բացասական:
*** Չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն – նշանակում է, որ հակառետրովիրուսային բուժման արդյունքում նվազել է վիրուսի ռեպլիկացիոն ընդունակությունը մինչև այն մակարդակ, երբ արյան մեջ վիրուսը շատ քիչ քանակությամբ է որոշվում: Վերոնշյալ հետազոտություններում չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն սովորաբար համարվում է արյան մեջ 200պատճե/մլ վիրուսի քանակությունը: